ԱՅՍՕՐ ՝ << ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏՈՒՄ >>

11:51 - 04 Սեպ, 2020

<< Գրանդ սպորտ >> մարզահամալիրում  զուգահեռաբար անցկացվում են տղամարդկանց և կանանց լողափնյա վոլեյբոլի Հայաստանի  գավաթի խաղարկությունները։ Պատվավոր մրցանակի համար պայքարում են ութական թիմեր։

ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ  Գրիգորի Ամբարյանն ասաց ,որ մրցակարգով հաղթում է առաջինը 21 միավոր վաստակած երկյակը։ Եթե երկու խաղափուլի արդյունքում գրանցվում է  հավասար ՝ 1 ։ 1 հաշիվ, ապա  նշանակվում է  լրացուցիչ՝  երրորդ խաղափուլ։ Այս պարագայում առաջինը 15 միավոր վաստակած զույգը ճանաչվում է  հաղթող։

Կանոնադրությամբ  յուրաքանչյուր թիմ ունի  երկու խաղացող՝ առանց պահեստայինի։ Եթե վոլեյբոլիստներից մեկը վնասվածք է ստանում և անկարող է պայքարը շարունակել, ապա  տուժած երկյակի հաշվին գրանցվում է պարտություն։

Անդրադառնալով գավաթի խաղարկությանը , ասենք, որ ավարտվել են նախնական փուլերի հանդիպումները և հայտնի են  դարձել լավագույն քառակները, նույնիսկ ՝ մրցանակային եռյակի համար պայքարող թիմերը։

Կանանց եզրափակիչում հաղթողին կորոշի << Վան -2 >> -  << Ավան >> երևանյան թիմերի մրցավեճը, իսկ երրորդ տեղի համար կպայքարեն մայրաքաղաքի << Վան – 1   >> -ը  և Կոտայքի մարզի   << Գեղաշենը >>։

Տղամարդկանց մրցաշարում կմրցեն համապատասխանաբար ՖԻՄԱ – 2  -  ՀՀ պատանեկան հավաքականը  ու երրորդ տեղի համար ՝ ՖԻՄԱ – 1  -  ՖԻՄԱ – 3 թիմերը։  

Մրցումները տեղի կունենան այսօր երեկոյան ՝ առանց հանդիսականի։

Հավելենք, որ սեպտեմբերի 16 – 20 –ը Թուրքիայի Իզմիրում նախատեսված է անցկացնել լողափնյա  վոլեյբոլի Եվրոպայի պատանեկան առաջնությունը։ Հայաստանը հայտավորել է մինչև 18 տարեկան տղաների հավաքականին, որը լավ մարզավիճակում է։ Միակ խնդիրը համավարակին առնչվող սահմանափակումներն են։

 

 

 

 

 

Այլ նորություններ